««Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող 31-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. օգոստոսի 04-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, Իջևանի 31-ամյա բնակիչը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք էր գործել «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ և աշխատակցի կյանքի համար վտանագավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել գումար, սակայն պահանջված գումարը չստանալով՝ դիմել էր փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: