Հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և թվային ծառայությունների՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները․ Դավիթ Թադևոսյանի և Վասիլիս Մարագոսի հանդիպումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը։


Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և թվային ծառայությունների՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները։ 


Կարևորվել է հայկական ընկերությունների համար եվրոպական շուկաների հասանելիության, ստանդարտների և հավաստագրման գործընթացների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։


Կողմերը քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության հեռանկարները արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտներում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ եվրոպական հետազոտական և հաշվողական էկոհամակարգին ինտեգրվելու, համատեղ ԱԲ ծրագրերի իրականացման և Հայաստանի տեխնոլոգիական ու մարդկային ներուժը եվրոպական գործընկերների հետ կապելու հնարավորություններին։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել CEPA-ի իրականացման ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ թվային կապի զարգացման հարցեր։