Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է։


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել 54-ամյա տղամարդու բնակության վայրում։


Հայտնաբերվել են երկու էլեկտրական կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով, և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա։ Տանտիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։


Հանգամանքները պարզվում են։