ԱԹՍ-ներ են ներխուժել Մոլդովայի օդային տարածք․ պայթյունների ձայներ են լսվել

Մոլդովայի օդային տարածք են ներխուժել անօդաչու թռչող սարքեր։ Առաջին հինգը հայտնաբերվել են Անենի-Նոյ, Շտեֆան-Վոդե, Հինչեշտ, Տուդորա և Կաուշենի քաղաքների մերձակայքում։


Մոլդովայի բանակի օդային գործողությունների ծառայության մշտադիտարկման համակարգն արձանագրել է ԱԹՍ-ների թռիչքները հոկտեմբերի 3-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:45-ից 8:00-ն ընկած ժամանակահատվածում։


Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ միջադեպի պատճառը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինային հասցված զանգվածային հարվածներն էին։


«Բացի գետնին ընկած հինգ օդային օբյեկտներից (երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք), արձանագրվել է ևս մեկ չարտոնված թռիչք»,-ասված է հայտարարության մեջ։


Երկրի միանգամից մի քանի շրջաններում հայտնել են պայթյունների մասին, ինչից հետո ոստիկանությունն ու բանակը սկսել են ուսումնասիրել անկման վայրերը: