Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Դիմիտրիոս Սկուտասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:


Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սկուտասին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։


Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված Հայաստան-Հունաստան հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու և հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:


Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համապարփակ իրագործման համատեքստում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը:


Առանձնահատուկ շեշտադրվել է երկկողմ առևտրատնտեսական օրակարգի առաջմղումը: