Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցերը «Բուշեհր» ատոմային էլեկտրակայանի կառուցման գործում։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դուշանբեում ռուս-իրանական բանակցությունների ամփոփումից հետո հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունը և «Բուշեհր» ԱԷԿ-ի կառուցումը դարձել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հանդիպման հիմնական թեմաներից մեկը։
Բանակցությունները տեղի են ունեցել Միշուստինի՝ Տաջիկստան կատարած երկօրյա այցի շրջանակում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գծով հանդիպմանն ընդառաջ։
«Կոխի Սոմոն» կառավարական նստավայրում կայացած հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են նաև Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Արտաքին գործերի, Էներգետիկայի ու Ֆինանսների նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։