Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է ամերիկացի տնտեսագետ, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության գործընթացը և Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։


Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանն ընտրել է Հայաստանի հետ երկարատև խաղաղության հաստատման ուղին՝ պատերազմի շարունակության փոխարեն։


Նա նշել է, որ պատերազմից հետո խաղաղության հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան ռազմական հաղթանակը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել համագործակցության և տնտեսական զարգացման տարածաշրջանի։


Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է նաև երկկողմ հարաբերություններում ապագային միտված մոտեցման կարևորությունը։ Նրա խոսքով՝ չնայած երկու ժողովուրդների միջև պահպանվող պատմական հակասություններին և չսպիացած վերքերին՝ անհրաժեշտ է առաջ շարժվել և ջանքեր գործադրել երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։


Հաջիևը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերություններն արդեն մեկնարկել են։


Նա նշել է նաև, որ Բաքուն Հայաստանին առաջարկում է միանալ տարածաշրջանային հաղորդակցական ցանցին՝ այդպիսով նոր հնարավորություններ ստեղծելով տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման համար։


Անդրադառնալով էներգետիկ համագործակցությանը՝ Հաջիևը ներկայացրել է Ադրբեջանի ծրագրերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է զգալիորեն ավելացնել կանաչ էներգիայի արտադրության հզորությունները և ընդլայնել դրա արտահանման հնարավորությունները։


Հաջիևի գնահատմամբ՝ կանաչ էներգետիկան կարող է դառնալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տնտեսական համագործակցության կարևոր բաղադրիչ։


Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է, որ Հարավային Կովկասը բաժանարար գծերով ու պատերով մասնատելու փոխարեն անհրաժեշտ է զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը և կանխել դրա հետագա պառակտումը։