Ձեր հրապարակումներով աշխարհը ճանաչեց Հայաստանը՝ որպես պատասխանատու գործընկեր. ՇՄ նախարարը շնորհակալություն է հայտնել COP17-ը լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին

COP17-ի ամփոփիչ մամուլի ասուլիսը ևս մեկ առիթ էր՝ գնահատելու միասին անցած ճանապարհն ու շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ Երևանում ընթացող համաժողովը հասանելի դարձավ աշխարհի տարբեր անկյուններում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։


«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում համաժողովը լուսաբանած հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լրագրողներին, լուսանկարիչներին, օպերատորներին և խմբագրական թիմերին։


Շնորհակալ եմ համաժողովի ողջ ընթացքում մեզ հետ այս ճանապարհն անցնելու, աշխատանքային երկար օրերն ու անքուն գիշերները կիսելու, կարևոր հարցեր բարձրաձայնելու և բնության պահպանության օրակարգը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար։


Ձեր աշխատանքի շնորհիվ բանակցային սրահներից դուրս հնչեցին համաժողովի որոշումներն ու ուղերձները, ներկայացվեցին դրանց հետևում կանգնած մարդիկ, տեսանելի դարձան մեր երկրի ջերմությունն ու հյուրընկալությունը։ Ձեր հրապարակումներով աշխարհը ճանաչեց նաև Հայաստանը՝ որպես համախմբող և պատասխանատու գործընկեր։


Համաժողովն ավարտվեց, սակայն Հայաստանի նախագահությունն ու մեր համատեղ աշխատանքը շարունակվում են։ Առջևում ընդունված որոշումները կյանքի կոչելու ճանապարհն է, որի ընթացքում ձեր ուշադրությունն ու հետևողական լուսաբանումը նույնքան կարևոր են լինելու։


Շնորհակալ եմ՝ այս ճանապարհի մասնակիցն ու տարեգիրը լինելու համար»,- գրել է Մաթևոսյանը։