Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք ինքնուրույն որոշումներ են կայացնում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։ 


Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, արդյունավետ տնօրինել իրենց ռեսուրսները և պատասխանատվություն ստանձնել սեփական զարգացման համար։


Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է։ Համայնքային մակարդակում է ձևավորվում պետության և քաղաքացու ամենօրյա կապը։


Այսօր մեր առաջնահերթություններից է ապակենտրոնացման գործընթացին գործնական բովանդակություն հաղորդելը։ Համայնքների ընդլայնվող լիազորությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ֆինանսական միջոցներով, կառավարման կարողություններով և արդյունավետ գործիքներով։ Կարևոր է նաև, որ համայնքները կարողանան իրենց փորձն ու խնդիրները ներկայացնել միասնական դիրքերից և մասնակցել ոլորտային քաղաքականությունների ձևավորմանը։


Հայաստանի համայնքների միության կարևոր առաքելությունն այս գործընթացում համայնքների շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է, նրանց կարողությունների զարգացումը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։


Վստահ եմ, որ համայնքների հետևողական աշխատանքի, պետական կառույցների հետ արդյունավետ գործընկերության և բնակիչների ակտիվ մասնակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի ինքնուրույն, կենսունակ և զարգացող համայնքներ։


Շնորհակալություն եմ հայտնում համայնքային կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար։ 


Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ»,- ասվում է ուղերձում: