«Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը»։
Այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին իր ելութում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարտ Միրզոյանը։
«Առաջնային կարևորություն ունի նաև Ադրբեջանի հետ մեր համապատասխան մարմինների և ընտանիքների անդամների սերտ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ մեր պետական ինստիտուտների հետ համագործակցությունը»,– ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած։ Նրանք անհետացել են 1990-ականների, 2020 թվականի և հետագա ռազմական գործողությունների հետևանքով։
Միրզոյանն ընդգծել է, որ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը պահանջում է հակամարտության կողմերի համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, որոնողական և նույնականացման աշխատանքներ։
Նա տեղեկացրել է, որ այս տարվա մայիսին ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին օրենքը։ Հայաստանում գործում է նաև գերիների, պատանդների և անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։
ԱԳ նախարարի խոսքով՝ կարևոր է նաև զարգացնել դատափորձագիտական նույնականացման կարողությունները, կիրառել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
Միրզոյանն անդրադարձել է նաև անհայտ կորածների ընտանիքների խնդիրներին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրանց կրած հոգեբանական, սոցիալական և տնտեսական հետևանքներին։