2026 թվականի հունվար-հոկտեմբերին Ուկրաինայում զոհվել կամ վիրավորվել է 1144 երեխա․ ՅՈՒՆԻՍԵՖ

2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 1144 երեխա, այդ թվում՝ զոհվել է առնվազն 114-ը, վիրավորվել՝ 1030 երեխա։


Ինչպես հաղորդում է Ուկրաինայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունը, սա վերջին երեք տարիների ընթացքում երեխաների զոհվելու կամ վիրավորվելու հաստատված դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։


«Սա նշանակում է, որ ամեն օր ավելի քան երեք երեխա է զոհվում կամ վիրավորվում։ Այս գիշերվա ընթացքում հաղորդումներ են ստացվել Կիևի և մի շարք այլ շրջանների վրա լայնածավալ հարձակումների մասին, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, ինչպես նաև վնասվել են կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներ»,- նշել են ՅՈՒՆԻՍԵՖ-ում։


Կազմակերպությունն ընդգծում է, որ միայն անցած ամիս ամբողջ երկրում զոհվել կամ վիրավորվել է առնվազն 146 երեխա, ինչը 150%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։


«Չնայած նրան, որ մինչև տարեվերջ դեռ երկու ամիս կա, 2026 թվականին Ուկրաինայում զոհված երեխաների թիվն արդեն ավելի քան 20%-ով գերազանցել է ողջ 2025 թվականի ընդհանուր ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, վիրավորված երեխաների թիվն աճել է գրեթե 60%-ով»,- նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում։


Կազմակերպությունում հիշեցրել են, որ նոյեմբերի 2-ին Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող դպրոցական համալիրի տարածքին, մասնավորապես՝ ստորգետնյա ապաստարանին հասցված հարվածի հետևանքով, որտեղ բնակչությանը մարդասիրական օգնություն էր տրամադրվում, զոհվել է 72 մարդ, իսկ ևս չորսը համարվում են անհետ կորած։ Իսկ նոյեմբերի 13-ին Զապորոժիեի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 17-ամյա պատանի, ևս ութ երեխա վիրավորվել է։ Սա հերթական հիշեցումն է այն մասին, որ երեխաների կյանքն ու անվտանգությունը մշտապես վտանգված են։


Բացի այդ, 2026 թվականին էներգետիկ ենթակառուցվածքների վրա հաստատված հարձակումների թիվը հասել է լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Մասնավորապես, այս տարի արդեն արձանագրվել է 78%-ով ավելի շատ հարձակում, քան ողջ 2025 թվականի ընթացքում։ Երկրի շրջանների մեծ մասում գործում են էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակացույցեր՝ 4-ից 18 ժամ տևողությամբ, իսկ նոյեմբերի սկզբին առանձին անջատումների տևողությունը գերազանցել է 12 ժամը, քանի որ ջերմա- և էլեկտրակայանները շարունակում են լայնածավալ վնասներ կրել։