Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման ու ապրանքաշրջանառության ավելացման հեռանկարները

«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Կևին Բուֆիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի այցերի և հանդիպումների, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության ինստիտուցիոնալացման և քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը:


Առևտրատնտեսական համագործակցության խթանման համատեքստում Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումն ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Զրուցակիցները դրական են գնահատել զբոսաշրջության ոլորտում արձանագրվող դինամիկան և քննարկել այդ ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։