ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 7-րդ նիստում ներկայացվել են դատաիրավական և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 7-րդ նիստում արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման նոր ճանապարհային քարտեզը, դրա իրականացման առաջընթացը և իրավական մոտարկման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։


«Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարում» օրակարգային հարցի քննարկման ընթացքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ, և Հայաստանը բարեփոխումների իր օրակարգում առաջնային նշանակություն է տալիս եվրոպական չափանիշներին համահունչ անկախ, արդյունավետ ու հաշվետու դատական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։


Ի թիվս այլնի՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դատաիրավական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները՝ հատուկ անդրադառնալով մինչդատական կալանքի կիրառման պրակտիկայի կատարելագործմանը, այլընտրանքային խափանման միջոցների ընդլայնմանը, ինչպես նաև այսօր ընդունված Կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններին և արդարադատության ոլորտի նոր ռազմավարական փաստաթղթի մշակմանը, որով նախատեսվում է հասցեագրել ոլորտի մի շարք համակարգային խնդիրներ և սահմանել հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները։