Արաքսյա Վարդանյանը պատասխանել է ԶԼՄ-ի հրապարակած ապատեղեկատվությանը՝ փաստերով

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արաքսյա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Yerkir.am լրատվական կայքի՝ իր կրթության վերաբերյալ մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություններ պարունակող հրապարակմանը, ներկայացնելով մի քանի փաստ։


Հրապարակման մեջ հարցականի տակ է դրվել իմ բարձրագույն կրթության տարիների համապատասխանությունը, մասնավորապես՝ ինչպես եմ 2010 թվականին ավարտել քոլեջը, իսկ արդեն 2013 թվականին՝ համալսարանը։ Անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովի պաշտոնական կայքում ներկայացված իմ կենսագրության մեջ կրթական հաստատությունների և մասնագիտությունների անվանումների ձևակերպումներին։


2007-2010 թվականներին սովորել եմ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ, որն ավարտել եմ գերազանցությամբ։


Քոլեջը գերազանցությամբ ավարտելուց հետո, հանձնելով համապատասխան ընդունելության քննությունները, ընդունվել եմ Հայաստանի պետական ագրարային համալսարանի անմիջապես երրորդ կուրս և ուսումս շարունակել 2010-2013 թվականներին։


Հետևաբար իմ կրթության տարիների վերաբերյալ հրապարակման մեջ բարձրացված հարցն ունի շատ պարզ և փաստացի բացատրություն։


2013-2016 թվականներին սովորել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։


2022 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի հայցորդ եմ։


Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալներին, ապա նշեմ, որ պատգամավորների կենսագրական տվյալների մուտքագրման և հրապարակման գործընթացն իրականացվում է ԱԺ համապատասխան ստորաբաժանման կողմից՝ սահմանված ձևաչափով։ Կայքի վարման մասնագետի պարզաբանմամբ՝ մասնագիտությունների անվանումների չակերտներով ներկայացումը ևս համապատասխանում է կայքում ընդունված ձևաչափին։


Կարծում եմ՝ լրագրողական էթիկան պահանջում է նախ ճշտել փաստերը, անհրաժեշտության դեպքում դիմել անձին՝ պարզաբանում ստանալու համար, և միայն դրանից հետո հրապարակում անել։