Ֆրանսիայում հայտնել են, որ Ամանորի գիշերն այրվել է 745 ավտոմեքենա
Նոր տարվա գիշերը Ֆրանսիայում վանդալներն այրել են 745 մեքենա, ու տարբեր միջադեպերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 380-ը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը․ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այս տարի ընդհանուր առմամբ այրվել է 745 մեքենա»,-ասել է նա CNews հեռուստաալիքով հեռարձակված ասուլիսում։ Նախարարն ասաց, որ դա 10 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ, թեև, ըստ ՆԳՆ 2023 թվականի հունվարի 1-ի հաշվետվության, այն ժամանակ Ամանորի գիշերն այրվել է ընդամենը 690 ավտոմեքենա։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այս գիշեր, ընդհանուր առմամբ, ավելի հանգիստ է եղել, քան 2022թ.-ին։ Անկարգությունները ճնշելու ընթացքում տուժել է մոտ 40 իրավապահ, ինչը 40%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։

«Հանրապետությունում բերման ենթարկվածների թիվը կազմել է 381, ինչը 10%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, այսինքն՝ այս գիշերը կարելի է համեմատաբար հանգիստ որակել»,- ասաց նախարարը։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի