ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի վճռաբեկ բողոքն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.09.2023 թ. որոշման։ Այս մասին
civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։
Հիշեցնենք, որ դիմելով դատարան՝ Թագուհի Թովմասյանը պահանջել էր անվավեր ճանաչել ԱԺ 11.07.2023 թ. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» թիվ ԱԺՈ-76-Ա որոշումը։
ՀՀ վարչական դատարանի 01.08.2023 թ. որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել էր։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.09.2023 թ. որոշմամբ Թագուհի Թովմասյանի վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել էր, Դատարանի 01.08.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ թողնվել անփոփոխ։ Եվ ահա, սույն գործով վճռաբեկ բողոքը դատարանը նույնպես մերժել է՝ վկայակոչելով մի շարք հիմնավորումներ։ Մասնավորապես. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում, որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք, մատնանշել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը և 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և 4-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, ուստիև՝ այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը... Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման»:
Նշենք, որ 2023թ. հուլիսի 11-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով Թագուհի Թովմասյանին զրկեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Թովմասյանն այս պաշտոնում ընտրվել էր «Հայաստան» խմբակցության քվոտայով։
Հ. Մ.