Ամանորին գրեթե բոլոր երկրներում տոնածառը համարվում է զարդարանքի պարտադիր պայման, և շատ երկրներում տուրիզմը խթանելու համար ծախսվում են միլիոնավոր դոլարներ, որպեսզի օտարերկրացիների մուտքն իրենց երկիր ավելի գրավիչ դառնա։ Սակայն, որքան էլ զարմանալի է, միշտ չէ, որ զարդարված եղևնին եղել է Սուրբծննդյան տոների պարտադիր խորհրդանիշներից։
Զարդարված եղևնու մասին առաջին անգամ հիշատակվել է 1605 թվականին: Ինչպես նշվում է հիշատակության մեջ, Էլզասում, որտեղ հիմնականում բնակվում էին գերմանացիներ, Սուրբծննդյան տոների առթիվ տներում տեղադրվում էին տոնածառեր, իսկ դրանց ճյուղերից կախվում գունավոր թղթից, խնձորից, թխվածքաբլիթներից, շաքարի խորանարդիկներից և փայլազարդից պատրաստված վարդեր։ Սկզբնական շրջանում տոնածառեր եղել են միայն հարուստ վաճառականների և ազնվականների տներում։ Միջնադարյան Գերմանիայում ոչ միայն եղևնիներն էին զարդարում, այլ նաև սոճիները, կեռասենիները, հաճարենիները, դրանք զարդարվում էին խնձորներով և ընկույզներով։
Եղևնին Սուրբծննդյան պարտադիր խորհրդանիշ է դարձել 19-րդ դարում, սկզբնական շրջանում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, իսկ ավելի ուշ արդեն ամանորյա զարդը պարբերաբար կարելի է տեսնել նաև Դանիայում, Նորվեգիայում, նաև Ռուսաստանի թագավորական պալատներում։ Սակայն որոշ ժամանակ անց տոնածառը դադարել է լինել «ընտրյալների» զարդը, քանի որ գրեթե բոլորը՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից, կարող էին տոնածառ ձեռք բերել Սուրբծննդյան շուկաներից։
Մոտավորապես 1870 թվականին տոնածառը վերջնականապես ստացել է այն տեսքն ու զարդարանքի ձևը, որին այսօր ծանոթ ենք՝ գնդաձև խաղալիքներով, տարբեր ֆիգուրներով, լույսերով, փայլերով։ Բայց գրեթե ամեն տարի տոնածառի զարդարանքի կանոնները ենթարկվում են նորաձևության կանոնների փոփոխությանը։ Այժմ Գերմանիան համարվում է ամենաառաջատարը, անգամ շատ դեպքերում իրեն հավասար մրցակիցը չունեցող՝ որպես Սուրբծննդյան եղևնու զարդարանքի կանոնները թելադրող և դրա պարագաները ստեղծող երկիր: Դրանց արտադրությամբ զբաղվում են մոտավորապես տասնյակից ավելի խոշոր և քառասունից ավելի փոքր ձեռնարկատիրություններ, և արտահանվում են աշխարհի տարբեր ուղղություններով. ամենամեծ չափաբաժինն արտահանվում է ԱՄՆ, արտահանման ծավալը մեծ է նաև դեպի Ավստրիա, Շվեյցարիա և Իտալիա։