Դատախազությունը դեռ ընթացք չի տվել Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին
Հանրային հեռուստաընկերությամբ՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, Արծրուն Հովհաննիսյանը ուշագրավ հայտարարություն է արել, որ պատերազմից հետո որոշ մարդիկ իրեն ուղիղ առաջարկել են հայտարարել, որ գործող իշխանությունները հողերը ծախել են, ինչի դիմաց իրեն խոստացել են նյութական փոխհատուցում։ 

«Ինձ շատ ուղղակի, պատերազմից հետո, ճակատիս կանգնում ասում էին՝ «հելի իշխանություններին մեղադրի, կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։ Հելի հայտարարի, որ իշխանությունները ծախել են հողերը, պատերազմը ի սկզբանե տանուլ տրված է եղել՝ դու պրոբլեմ չունես, կյանքիդ մասին կհոգանք, քեզ էլ կապահովագրենք ամեն ինչից»»,- հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը։

Այս հայտարարություններին, սակայն, դատախազությունում, ինչպես Civic.am-ին փոխանցեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, ընթացք չի տրվել։ Արդյոք հիշյալ հայտարարությունը չի՞ պարունակում հանցակազմ և արժանի չէ՞ դատախազությունում ուսումնասիրվելու։ 

Նորությունների դեպքում դատախազությունից խոստացան տեղեկացնել լրացուցիչ։

Վովա Հակոբյան