Էդգար Ղազարյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի պետք է բռնագանձվի 500 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում. Ղազարյանը պետք է նաև «հերքում» հրապարակի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի գործով Արարատի ու Վայոց ձորի մարզի քաղաքացիական դատարանը վճիռ է հրապարակել ու պարտավորեցրել վերջինիս դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06.09.2023թ. Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հետևյալ կերպ.  «Հերքում։ Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «06.09.2023թ.-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»։

 Պատասխանող Էդգար Ղազարյանից, ինչպես civic.am-ը տեղեկացավ դատարանի վճռից,  հօգուտ հայցվոր Ալեն  Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում պետք է բռնագանձվի 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Բացի դրանից, պատասխանողից հօգուտ հայցվորի  որպես դատական ծախս պետք է բռնագանձվի բավարարված հայցապահանջին համամասնորեն 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Դատարանը վճիռը հրապարակել է նախորդ ամսվա 15-ին։ 
Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: 

Նշենք, որ նախկին դեսպան Ղազարյանը խնդրո առարկա տեսանյութում  որակումներ էր տվել  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, նրանց խմբերի բաժանել, նրանցից ոմանց կոչել  «նախկին կոռուպցիոներներ», «կոռումպացված համակարգի ներկայացուցիչներ», «պատուհասներ», «մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ, իրենց ակտիվ նախաձեռնողական թրքասիրությամբ, ազգակործան գործունեությամբ ունեն նախաձեռնող ագրեսիվ պահվածք»։  Տեսանյութի 11-րդ րոպե 39-րդ վայրկյանից մինչև 11-րդ րոպե 57-րդ վայրկյանը ընկած ժամանակահատվածում Պատասխանողը նշել է. «Հիմա գանք առաջին խմբին՝ պատեհապաշտներ. գործարար կամ կոռումպացված պատգամավորներ։ Բնականաբար այս ցանկի գլխավոր դերակատարը, որը շատ հանգիստ պատուհասների դասակարգման մեջ է, դա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է»։  Շարունակելով ներկայացնել Սիմոնյանի վերաբերյալ տվյալներ՝ տեսանյութի հաջորդ հատվածում Ղազարյանը  նշել է.  «Պարզվում ա, որ նա նաև ամենամեծ կոռուպցիոներներից մեկն ա...»։ 

Հարկ է նշել, որ Ալեն Սիմոնյանը ևս մեկ քաղհայց էլ նորից նույն Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրել է 2023 թ. դեկտեմբերի 29-ին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։