ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին իշխանության օրոք պաշտոնավարած մի շարք պաշտոնյաների, նրանց փոխկապակցված անձանց պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման վերաբերյալ գործերն ուղարկել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան։
Civic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ դատարան են ուղարկվել մասնավորապես Արարատի նախկին ՀՅԴ-ական մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արամայիս Գրիգորյանին առնչվող
գործը, որով որպես պատասխանող, բացի նախկին մարզպետից, հանդես են գալիս նրա կինը՝ Ալիսա Գրիգորյանը, որդին՝ Թեմուր Գրիգորյանը, ու դուստրը՝ Դիանա Գրիգորյանը։ Մեկ այլ գործով էլ որպես պատասխանող են հանդես գալիս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք ՊԵԿ նախկին նախագահ նշանակված Վարդան Հարությունյանը (https://civic.am/law/141675-vardan-harutyunyan.html), նրա կինը՝ Զարինե Դանիելյանը, մայրը՝ Սուսաննա Զաքարյանը, ինչպես նաև որդիները՝ Ռուբեն և Հենրիկ Հարությունյանները։ Դատարան ուղարկված մյուս
գործով որպես պատասխանող հանդես են գալիս բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Հանքերի արքա» մականունով հայտնի Վարդան Այվազյանը և նրան փոխկապակցված հետևյալ անձինք՝ Գագիկ Այվազյանը, Սուրեն Այվազյանը, Արմինե Այվազյանը, Մարիամ Գինոսյանը, Հարություն Մուրադյանը։ Այվազյան ընտանիքի գործը դատախազությունը դատարան է ուղարկել մայիսի 13-ին, մյուս երկու նախկին պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց գործերը՝ մայիսի 6-ին։
Նշենք, որ «Դատալեքս» հարթակում առայժմ հրապարակված չէ այն գույքերի ցանկը, որոնք Դատախազության պահանջով ենթակա են բռնագանձման։
Հ. Մ.