Պապոյանը գերմանական ընկերություններին առաջարկել է դիտարկել Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու հնարավորությունը
Մայիսի 27-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) տնօրեն Շտեֆան Բլեխշմիդտի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
 
Գերմանիայի Տնտեսության արևելյան բիզնես հանձնաժողովի (Ost-Ausschuss) աջակցությամբ հանդիպմանը ներկա էին գերմանական ընկերությունների ներկայացուցիչներ։
 
Նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը՝ նշելով, որ պետք է օգտագործվի առկա ողջ ներուժը:
 
«Գոհունակությամբ կուզեի նշել վերջին ժամանակահատվածում պաշտոնական պատվիրակությունների և գործարար հատվածների ներկայացուցիչների փոխադարձ այցերի ակտիվացումը և ակտիվ փոխգործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում։ Կարող եմ փաստել, որ երկու երկրների միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում արդեն իսկ հիմնված է բարձր որակի վրա, որը լավ հիմք է տնտեսական համագործակցության հետագա խորացման համար»,- նշել է նախարարը:
 
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը։
 
Քննարկվել են համագործակցության հնարավոր ճյուղերն ու հայ-գերմանական բիզնես ֆորում անցկացնելու հնարավորությունը։ Նախարարը գերմանական ընկերություններին առաջարկել է դիտարկել Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու հնարավորությունը:
 
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխան ձևաչափով։
 
Ներկայացվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։