Լիբանանյան The Daily Star լրատվականն այսօր անդրադարձել է անցած տարի այսօրը վերսկսած Արցախյան 44-օրյա պատերազմին:
Կայքը գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սգում են Լեռնային Ղարաբաղի համար մղված և 44 օր տևած պատերազմի զոհերի հիշատակը՝ որակելով այն կարճ, սակայն դաժանագույն պատերազմ:
«Մարդիկ՝ երկու կողմերից, մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, իրականացրել արարողություններ եկեղեցիներում և մզկիթներում՝ նվիրված անցյալ տարի սեպտեմբերի 27-ին բռնկված վեցշաբաթյա արյունալի մարտերում զոհվածների հիշատակին:
Լեռնային այս շրջանը վերահսկելուն ուղղված պատերազմը խլեց 6500 մարդու կյանք և հանգեցրեց ռազմական հանցագործությունների համար փոխադարձ մեղադրանքների»,- գրում է կայքը՝ նշելով, որ այն ավարտվել է նոյեմբեր ամսին՝ Ռուսաստանի միջնորդությամբ կայացած հրադադարի հաստատմամբ, որի արդյունքում հայկական կողմը Բաքվին է հանձնել տասնամյակներ շարունակ վերահսկած վիճելի տարածքները:
Կայքը նաև մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ուղերձն իր ժողովրդին, որում նա ասում է. «Մենք միշտ մեր սրտերում կպահենք մեր նահատակների հիշատակը, և եթե մեր ժողովրդին և պետությանն ուղղված նոր սպառնալիքներ հայտնվեն, մենք կրկին կջախջախենք հայկական ֆաշիզմը»:
Նշվում է, որ տեղական ժամանակով կեսօրին Ադրբեջանում երթևեկությունը դադարեցվել է, իսկ անցորդները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, հազարավոր զինվորականներ երթ են անցկացրել Բաքվի կենտրոնում՝ ձեռքերում պահելով մարտական գործողությունների արդյունքում զոհված զինվորների լուսանկարներ:
Անդրադառնալով Հայաստանին՝ կայքը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի առավոտյան ծաղկեպսակ է դրել Երևանի Եռալբուր զինվորական պանթեոնում, մինչ այդ այցելել պատերազմի վետերաններին՝ բժշկական կենտրոններում, և մեջբերել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոնարհվում եմ զոհվածների հիշատակի և նրանց ընտանիքների առջև»: Նշվել է, որ կիրակի երեկոյան շուրջ 3000 հայ ջահերով երթով քայլել են մայրաքաղաքի կենտրոնից դեպի հուշահամալիր գերեզմանատուն՝ ի հիշատակ պատերազմի զոհերի:
Պատմական ակնարկ անելով՝ կայքը գրել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերը Խորհրդային Միության փլուզումից հետո անջատվեցին Ադրբեջանից, և դրան հաջորդած հակամարտությունը խլեց մոտ 30.000 մարդու կյանք:
«Այդ ժամանակ հայերը վերահսկողություն հաստատեցին այդ տարածքի, ինչպես նաև հարակից Ադրբեջանի 7 շրջանների վրա, որոնք երկրի ազգային տարածքի մոտ 20 տոկոսն էին: Անցյալ տարի նոր պատերազմի արդյունքում Բաքուն վերագրավեց Ղարաբաղի որոշ հատվածներ և այդ հարակից շրջանները: Մոսկվան մոտ 2000 խաղաղապահ է տեղակայել այդ տարածքում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար»,- գրել է լիբանանյան The Daily Star լրատվականը: