«Դուք ի վիճակի՞ եք Ձեր փեշերից կախվածներին թափել մի կողմ, ոնց որ բանակի փեշերից էին կախվել, գնանք առաջ։ Եթե չէ, կենտրոնանանք, թե ոնց աջակցենք Ձեզ, որպեսզի փրկենք ձեր պատիվը»,- ԱԺ նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, հավելելով․ «Վանեցյանի ազդեցությունը Ձեզ վրա շարունակվո՞ւմ է»։
«Բազմիցս ասել եմ Վանեցյանի հետ մեր ընկերությունն սկսվել է 90-ականներին, երբ ես աշխատում էի կառավարությունում, իսկ Արթուր Վանեցյանը դեռ ուսանող էր։ Պահպանվել են, թե չեն պահպանվել ընկերական հարաբերությունները, միանշանակ ասում եմ՝ ընկերական հարաբերությունները պահպանվել են»,- Քոչարյանին արձագանքեց ԲԴԽ նախագահը։
Վարդազարյանի խոսքով՝ Վանեցյանն իր վրա ազդեցություն չի ունեցել, չունի և չի էլ կարող ունենալ։
«Եթե ես զգամ, որ իմ նկատմամբ կա որևէ ճնշում որևէ քաղաքական ուժի կողմից, ապա ես օրենքի պահանջը կկատարեմ և այդ մասին համապատասխան հաղորդում կտամ գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ ԲԴԽ նկատմամբ կա ճնշում»,- ասաց նա։
«Ես մեծ սիրով կհետևեմ ձեր կոչին և ջանք չեմ խնայի դատական համակարգը հեռու պահելու քաղաքական որևէ ազդեցությունից։ Մինչև այս պահը պահել եմ, բայց ձեր կոչից հետո էլ ավելի հեռու կպահեմ»,- հավելեց Վարդազարյանը։