«Հայաստանը, Իրանի հետ համաձայնեցված, զբաղվել է օկուպացված տարածքների միջոցով Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ»․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է, թե  շուրջ 30 տարի Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները՝ Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:  

«Անցած տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Իրանի հետ պետական սահմանի 130-կիլոմետրանոց հատվածի վրա, որը մոտ 30 տարի գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո, և դրանով փակեց  թմրամիջոցների ապօրինի շրջանառության ճանապարհը՝ Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլ շրջանով դեպի Հայաստան և Եվրոպա, ադրբեջանա-իրանական սահմանի այլ հատվածներում մեր կողմից հայտնաբերված հերոինի ծավալը կրկնապատկվել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ օկուպացիայի տարիներին նա բազմիցս հայտարարել է, որ գրավյալ տարածքները օգտագործվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային ահաբեկիչների ուսուցման համար, և այսօր դա ապացուցված փաստ է։