Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում տեղի են ունենում բյուջետային քննարկումներ: Ինչպես հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդեն իսկ ներկայացվել է 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագիրը, որը հավակնոտ ծրագրեր է սահմանել ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Նրա խոսքով՝ այսօր ներկայացվում է հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու հնգամյա ծրագրի իրագործման համար: «2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր տնտեսությունը այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի բոլոր կանխատեսումները»,- նշեց վարչապետը և հավելեց, որ 2021 թվականին գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 հազար 141 աշխատատեղ. այդպիսի ցուցանիշ երբևէ չի գրանցվել: Ինչպես նկատեց Նիկոլ Փաշինյանը, աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը՝ 11.9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով. «Ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, և ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի»: Վարչապետը նշեց, որ շինարարության ծավալներն աճել են 7 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 5 տոկոսով: «2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 17 տոկոսով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 25 տոկոսով»,- նշեց վարչապետը և հավելեց, որ 2022 թվականի կապիտալ ծախսերը կազմելու են 347 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 55 տոկոսով: