2022թ. բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 602 մլն դրամ՝ ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման համար. Պողոսյան
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:
«Հանրապետության նախագահի կանոնադրական լիազորություններն իրականացնելու համար 2022թ. բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 602 մլն դրամ, որի 99.7 տոկոսը նախատեսված է նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովման իրականացման համար»,- նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ պարոն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սահմանված են աշխատակազմի 2022թ. աշխատանքային ծրագրերը և միջոցառումները. «Նախատեսվում է 23 բարեգործական ծրագիր, ընդգրկված շահառուները՝ շուրջ 8000. 2021 թվականին 22 բարեգործական ծրագիր էր, իսկ շահառուների թիվը 1000-ով պակաս էր: Նախատեսվում է 9 նախագահական նախաձեռնություն՝ նախկին 8-ի փոխարեն, շահառուների թիվը 2000-ից ընդլայնվում է մինչև 3000»:
«Նախագահական ինստիտուտի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը 70 տոկոսից ակնկալվում է հասցնել շուրջ 80 տոկոսի: Դիմումների պատասխանների ժամկետները կվերանայվեն և կկրճատվեն՝ առավելագույնը հասցվելով 2-3 օրվա»,- նշեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: