2018 թվականի 81 մլրդ առողջապահական բյուջեն 2022-ին հասել է 118 մլրդ-ի. Անահիտ Ավանեսյան
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:
«Բյուջեի նախագծով առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 118 մլրդ 936 մլն դրամ, և նախորդ տարվա համեմատ ունենք 5 մլրդ 760 մլն-ի ավելացում: Այս ավելացումը առկա է 2018 թվականից. 2018-ի 81 մլրդ առողջապահական բյուջեն հասել է 118 մլրդ-ի»,- նշեց առողջապահության անխարար Անահիտ Ավանեսյանը:
«Ընդհանուր առմամբ իրականացնելու ենք 13 ծրագիր և 50 միջոցառում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:
Վերջինիս խոսքով՝ հաջորդ տարի ավելանալու են ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժօգնության ծառայություններ իրականացնելու գումարները:
«Քովիդով և պատվաստանյութերի ձեռք բերման առումով մենք բյուջեի հատկացում չունենք, որովհետև բավական դժվար է կանխատեսել, թե մենք ինչ ալիքներ կունենանք առաջիկայում, և մեր մոտեցումն այսպիսին է եղել. հնարավորինս խնայել բյուջետային միջոցները, երբ ունենում ենք քովիդի ալիքի նվազում, և գնալ առողջապահական համակարգի սառեցման, իսկ հետո երբ թվերը ավելանում են, մենք համընթաց այդ ավելացմանը ծավալում ենք մեր ողջ ռեսուրսները: Մենք ունեցել ենք ամիսներ, որ քովիդով պայմանավորված մեր ծախսերը եղել են 800 մլն, իսկ վերջին ամսին այն կազմում է արդեն 2 մլրդ-ից ավելի»,- նշեց առողջապահության նախարարը: