Civic.am-ը տեղեկություններ էր ստացել, որ մի խումբ դիրքապահ զինվորականներ գրավոր դիմել են ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով վերանայել իրենց աշխատավարձերը։ ՊՆ շարքային պայմանագրայինների աշխատավարձը տատանվում է 124-126 հազար դրամի շրջանակներում, որին գումարվում է դիրքում եղած օրերի համար վճարվող գումարը՝ օրական մոտ 4000 դրամ։
Civic.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն, պարզելու համար, թե նախատեսվու՞մ է արդյոք դիրքապահ պայմանագրային զինվորականների աշխատավարձերի վերանայում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ մարտական հերթապահության հավելման մեծության չափի, հարշվարկի և կարգի փոփոխություն 2021 թ․ ընթացքում չի եղել և չի նախատեսվում։
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ զինծառայողների դրամական ապահովության և դրան հավասարեցված վճարումների բարձրացման հարցը մշտապես գտնվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և 2022թ․ բյուջետային գործընթացի շրջանակներում, հնարավորությունների առկայության դեպքում, հարցին կկատարվի անդրադարձ», - նշված է պատասխանում։
Տեղեկացնենք, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ԱԺ բյուջետային քննարկումներում՝ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց, որ ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի:
«Մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը և հնարավորություն ստեղծենք բարձրացնել: Բարձրացումը կլինի 210-220 հազարին մոտ, հիմա նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: Փորձում ենք այս ձևով կարգավորել այդ հարցը»,-ասել էր ԱԱԾ տնօրենի տեղակալը: