Միայն կրթական բաղադրիչի ազդեցությամբ և այսպիսի ներդրումների միջոցով մենք 2030-ին կունենանք 293 տոկոս ՀՆԱ-ի աճ. Վարչապետ
«ԿԳՍՄ նախարարության գործընկերների համակարգմամբ՝ մեր նախարարությունը, մարզպետարանը և Քաղաքաշինության կոմիտեն աշխատել են, և բավական մանրակրկիտ աշխատանք է արված՝ սկսած շենք-շինությունների վիճակից, ճանապարհներով վերջացրած:

Մենք ունենք բոլոր տարիքային երեխաների քանակը, հեռավորությունը, ամբողջ սխեման կա, գիտենք՝ քանի մեքենա է պետք գնել երեխաների տեղափոխումը կազմակերպելու համար»,- այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և հավելեց, որ հեռավորությունները մեծ չեն՝ ամենահեռուն 12 կմ է, որ պետք է տեղափոխվեն երեխաները:

Վարչապետ Փաշինյանը, խոսելով կառավարության կողմից ձեռք բերվելիք նոր տրանսպորտային միջոցների մասին, ընդգծեց. «Այդ տրանսպորտային միջոցներում վարորդի կարգավիճակով աշխատողները, եթե նույնիսկ ունեն վարորդական իրավունք, պետք է մեկ անգամ ևս քննություն հանձնեն, և ամեն օր այս տրանսպորտային միջոցները գյուղերից երեխաներին պետության հաշվին առավոտյան հավաքելու են հանգուցային կրթահամալիրում և վերադարձնելու են իրենց տներ: Բացի դրանից, մենք այդ գյուղերից դեպի հանգուցային կրթահամալիրներ տանող ճանապարհները նորոգելու ենք: Այդ հանգուցային կրթահամալիրները համալրվելու են ժամանակակից գույքով, այսինքն՝ ոչ մի հին աթոռ չի մտնելու: Այդ միջավայրը պետք է ապահովենք բարձրորակ կադրերով. 2-3 տարուց մենք համակարգում կունենանք որակի մի գծից վերև գտնվող ուսուցիչներ՝ շնորհիվ ատեստավորման համակարգի»:

Վարչապետն ընդգծեց, որ սա 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու մեկնարկն է: «Եթե մինչև 2030 թվականը 15 տարեկանը բոլորած շրջանավարտները հատեն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը, ապա, ըստ հետազոտությունների, Հայաստանի ՀՆԱ-ն այլ հավասար պայմաններում 2015 թվականի նկատմամբ կաճի 293 տոկոսով, այսինքն՝ միայն կրթական բաղադրիչի ազդեցությամբ, այսպիսի ներդրումների միջոցով մենք 2030 թվականին, այսինքն՝ 15 տարուց հետո, կունենանք 293 տոկոս ՀՆԱ-ի աճ»,- նշեց նա և հավելեց, որ սա չափազանց կարևոր ռազմավարական ծրագիր է: