Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ է կիրառելու նախարարությունն այն իրավիճակում, երբ որոշ ռեստորանների սեփականատերեր նշում են, որ իրենք QR կոդ չեն պահանջելու հաճախորդներից, նշեց, որ որևէ կերպ այդպիսի հայտարարությունները չեն տեղավորվում իրավական պետության շրջանակներում, և եթե սահմանված կանոնները չպահպանվեն, ապա, ինչպես այլ իրավախախտումների դեպքում, այնպես էլ այս դեպքում, կլինեն դրանց իրավական հետևանքները՝ կկիրառվեն սանկցիաներ։
«Ցավոք սրտի, այս համավարակը ստեղծել է ճնշում և՛ առողջապահական համակարգերի, և՛ տնտեսությունների վրա, և, ընդհանրապես, ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է։ Բայց ո՞րն է մեր ճանապարհը։ Եթե չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ապա ի՞նչ իրավիճակի առաջ ենք մենք կանգնում. շատ ավելի վատ»,- նշեց նա՝ հավելելով, որ սահմանափակումները հնարավորություն են տալիս պահպանելու, առաջին հերթին, մարդկանց կյանքն ու առողջությունը, ապա տնտեսությունը՝ նույն ռեստորանները, համերգային և այլ գործունեությունը։
Անդրադառնալով չպատվաստված քաղաքացիներին քովիդով հիվանդանալու դեպքում անվճար բուժօգնություն չտրամադրելու մասին տեղեկություններին՝ Ավանեսյանը նշեց, որ դեռ քննարկումներ են ընթանում և որոշակի հաշվարկներ իրականացվում։
«Հաշվի առնելով նաև սոցիալապես անապահով մարդկանց կամ այն շահառուներին, ովքեր արդեն իսկ պետության հոգածության շրջանակներում են, նրանց բուժօգնությունը, միևնույն է, տրամադրվելու է պետության հաշվին», - ասաց նա՝ հավելելով, որ հունվարի 1-ին նոր որոշումը կհանրայնացնեն։
Լրագրողի այն հարցին, թե զինված ուժերում պատվաստվածների թիվը քանի՞ տոկոս է կազմում, նա նշեց, որ չի կարող այդպիսի տեղեկատվություն տրամադրել, սակայն ավելացրեց, որ ՊՆ զինված ուժերում պատվաստումները ակտիվ կերպով ընթանում են։