«Հաշմանդամների համար մեր երկրում առաջին խնդիրը տեղաշարժման խնդիրն է, որը դեռ լուծված չէ։ Ամենակարևոր խնդիրներից են նաև կրթական, վերապատրաստման և աշխատանքի խնդիրները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց հաշմանդամություն ունեցող, Ամբերդի Հ. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմության» ուսուցիչ Հակոբ Կարապետյանը։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ը, Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։
«Երբ մենք տարիներով ասում էինք, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները շատ կարևոր է լուծել՝ մեզ ուրիշ աչքով էին նայում»,- հավելեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ վերջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը կստիպի այլ կերպ մոտենալ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը։
Տեսողական խնդիր ունեցող Հակոբ Կարապետյանը, խոսելով տեղաշարժման խնդիրներից, նշեց, որ, օրինակ, ընտրություններին մասնակցելու համար միշտ ուղեկցողի հետ է գնում, սակայն որոշել է հաջորդ ընտրություններին միայնակ գնալ. «Մեզ համար նոր հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի մենք ավելի ինքնուրույն լինենք և ավելի ինտեգրվենք հասարակությանը։ Օրինակ՝ ընտրական տեղամասերի հարմարեցումներ են եղել, բազմաթիվ տեղամասեր վերաձևավորվել են, կահավորվել են»,- ասաց նա։
Հայաստանում ՏԻՄ ընտրությունները շարունակվում են։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով՝ ԿԸՀ-ն երբեմն ահազանգեր ստանում է հաշմանդամություն ունեցող անձանցից, երբ նրանք որևէ խոչընդոտի են բախվում. «Իհարկե լինում են այդպիսի դեպքեր, բայց չեմ կարող ասել, որ դրանք մասսայական են։ Օրինակ՝ տեղամասերի հարկերի հետ կապված խնդիրները լուծելի են։ Վերջին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ 100-ից ավելի ընտրատեղամասեր են վերակահավորվել՝ բարձր հարկերից իջեցնելով առաջին հարկ։ Այն ուշադրությունը, այն կրթությունը, որ մենք մատուցում ենք տեղամասային ընտրական հանձնաժողովներին, արդեն իսկ տալիս է իր արդյունքը, որովհետև կարող է նրանք գիտակցած չլինեն, որ երկրորդ հարկում կահավորելը խոչընդոտ է»։
Արմեն Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն չունի վիճակագրություն ,թե ընտրության չմասնակցած անձանցից քանի տոկոսն է հաշմանդամության խնդրով պայմանավորված։
«Մենք իհարկե ունենք շենք-շինություններ, որոնք ժառանգել ենք առանց թեքահարթակների, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար առանց հարմարությունների և մենք շարունակական փորձում ենք բարելավել այդ տեղամասային կենտրոնները։ Եթե հնարավոր է, փոխում ենք հարկը կամ այլ մուտք ենք օգտագործում, կամ մուտքը լայնացնում։ Բայց պետք է հաշվի առնել, որ սա միայն ընտրությունների հետ առնչվող խնդիր չէ, այդ շենք-շինությունների մեծ մասը մեր դպրոցներն ու մանկապարտեզներն են, և պետք է դա շարունակական իրականացնել, որպեսզի հասնենք մի կետի, որտեղ այդ շենքերը կունենան հարմարեցվածություն բոլոր ներառական շերտերի համար»,- պարզաբանեց ԿԸՀ քարտուղարը։
Արմեն Սմբատյանը հավելեց նաև, որ ԿԸՀ-ն նաև կույր ընտրողների համար ամեն անգամ պատրաստում է բրայլյան համակարգով կաղապարներ, որպեսզի կույր ընտրողները կարողանան ինքնուրույն կատարել քվեարկությունը. «Վերջին ժամանակաշրջանում մեր բոլոր տեսաերիզները նաև սուրդո թարգմանությամբ ենք ուղեկցում, որպեսզի չլսող ընտրողները կարողանան տեղեկանալ քվեարկության կարգի, օրվա մասին և այլն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նարա Մարտիրոսյան