«Նիկոլ, գալու ենք հետևիցդ, ․․․գլխիցդ քեզ խփելու են» խոսքերի հեղինակ Զարուհի Փոստանջյանի գործով դատաքննությունը հետաձգվել է․ նա ցուցմունք կտա հաջորդ նիստին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱԺ նախկին պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ դատավորի՝ վերապատրաստման դասընթացներով պայմանավորված։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հիմքով քրեական գործ էր հարուցվել՝ ՔՕ 226․2-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի՝ Զարուհի Փոստանջյանը 2021թ․մարտի 15-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված «Սողոմոն Թեհլերյանի» արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր:
Մեղադրանքում նշված է նաև, որ նա այդ կոչերը հնչեցրել է Հայաստանում հետապատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով։
Զարուհի Փոստանջյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ Զարուհի Փոստանջյանը հաստատում է իր հրապարակային խոսքերը, սակայն համարում է, որ դրանցում բացակայում է հանցակազմը և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Պաշտպանը նաև մեզ տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ցուցմունք է տալու և հիշատակեց, որ տիկին Փոստանջյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, քանի որ չի վստահել գործը քննող քննիչին։
Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթին սպանելու 100-ամյակի կապակցությամբ միջոցառման ժամանակ Զարուհի Փոստանջյանն ասել էր. «Նիկոլ, գալու ենք հետևիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց և գիտես ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Մի գուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու և գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիեւը։ Դու Դուշանբեում՝ վերելակի մեջ, ստացար քո մահվան համբույրը։ Սպասիր, Նիկոլ, գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած, ոչ միայն տղամարդիկ,այլ նաեւ կանայք»։