ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ, ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթ չներկայացնող աշխատակցին թույլ չտալ գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով մինչև անգամ լուծարել աշխատանքային պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 60 կողմ, 26 դեմ ձայներ:
Այսպիսով, ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում կա՛մ պատվաստման, կա՛մ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ:
Սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծարել աշխատանքային պայմանագիրը:
Աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: