«Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվածն է իր սեփական հետաքննությամբ քննիչի սեղանին դրել այդ մարդկանց նկարները, սակայն մեղադրյալ մինչ օրս չկա». փաստաբան
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Խոշտանգվողին՝ կոնֆետ, խոշտանգողին՝ պաշտոն. ավանդույթները շարունակվո՞ւմ են» թեմայով քննարկում, որն անդրադարձել է նոյեմբերի 12-ին համացանցում  տարածված այն տեսանյութին, որում ցույց էր տրվում, թե ինչպես են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցները ծեծի ենթարկում տուժող Վրեժ Մկրտումյանին, իսկ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը քաղաքացու հետ զենքով  է խոսում և սպառնում կրակել ոտքերին։ 

Այս փաստով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալ մինչ օրս չկա։

Քննարկման բանախոսներն են տուժող Վրեժ Մկրտումյանը,  «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ  Նինա Կարապետյանցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան, տուժող Վրեժ Մկրտումյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

Տուժող Վրեժ Մկրտումյանը պատմեց նոյեմբերին 12-ին իր հետ տեղի ունեցածը։ Նրա խոսքով՝ օդանավակայանից դիմավորելով բարեկամին՝ մեկնել են Ստեփանավան, որտեղ տղաներին քաղաքացիական մեքենա է մոտեցել, այնտեղից իջել են 3 հոգի, մեկը՝ ոստիկանական համազգեստով, մյուս 2-ը՝ քաղաքացիական։ 

«Առանց ներկայանալու, ուղղակի ասելով՝ «ոստիկանությունից է, իջե՛ք մեքենայից», զենքը պահելով մեզ վրա՝ իջեցրել են մեքենայից, վատ ձևով խոսել, քաշքշել, խփել են»,- պատմեց Մկրտումյանը՝ հավելելով, որ պատճառ չի եղել, մինչ օրս չգիտեն՝ որն էր այդ պահվածքի պատճառը։ 

Տուժողի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը նշեց, որ գլխավոր դատախազի կողմից  այս գործն ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե, ինչն ինքնին անհասկանալի է. «Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309-ի 2-րդ մասով, այսինքն՝ լիազորությունների անցման հոդվածով, սակայն ես համաձայն չեմ հարուցված գործի հետ»։

Փաստաբանի խոսքով՝ երբ որոշումն ընթերցվել է, այնտեղ իրական պատկերը ներկայացված չի եղել։ Նշվել է, որ տուժողին ծեծի են ենթարկել և զենք են պահել նրա վրա, սակայն խոշտանգման նկարագրությունը բաց է թողնված։

«Հակակոռուպցիոն կոմիտեն այն նորաստեղծ կոմիտեն է, որը պետք է կոռուպցիայի դեմ պայքարեր, սակայն բոլոր այդ անձանց տվյալները, կարելի է ասել, տուժողն է սեփական հետաքննության միջոցով գտել։ Վահե Խաչատրյանը, ով այս գործն է քննում, որևէ գործուն քայլեր չի ձեռնարկել՝ բացահայտելու,  թե ովքեր են եղել այդ բռնություն գործադրողները։ Միայն տուժողն է իր սեփական քննության արդյունքում բերել, այդ մարդկանց նկարները դրել քննիչի սեղանին։ Սակայն մեղադրյալ մինչ օրս չկա, և ոչ ոքի դեմ քրեական գործ չկա հարուցված»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունից ոչնչով չի տարբերվում, բացառապես նույն քննիչներն են։ 

Սյուզի Սիրականյան