Այնթապցի 11 երիտասարդներ՝ կամավոր ու ժամկետային, մասնակցեցին 44-օրյա պատերազմին ու զոհվեցին հերոսի մահով. Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
44-օրյա պատերազմի ժամանակ Արարատի մարզի Այնթապ համայնքից 11 երիտասարդներ զոհվեցին։
Երեկ Այնթապում զոհվածներից Հայկ Գասպարյանի հոր՝ Մկրտիչ Գասպարյանի նախաձեռնությամբ, հենց նրանց տան դիմաց, բացվեց բոլոր 11 զոհերի հիշատակին նվիրված հուշաղբյուր, որի բացումը կատարեցին զոհվածներից Անդրանիկ Գևորգյանի և Ղամբար Խաչատրյանի զավակները։ Անդրանիկի երրորդ զավակը ծնվել է նրա մահից հետո, և ի հիշատակ հոր՝ որդուն անվանել են Անդրանիկ։
Մեզ հետ զրույցում Մկրտիչ Գասպարյանը պատմեց, որ Հայկը ցանկանում էր խոհարար դառնալ, և երբ պարտադիր զորակոչից վեց ամսով նրա ծառայության գնալը հետաձգվել էր, Հայկը դրանից շատ էր վրդովվել։ Հայկը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի մեկին, Մարտունու Ճարտար գյուղի մոտակայքում։
Միջոցառմանը մասնակցում էր նաև Այնթապի համայնքապետի խորհրդական, պահեստազորի գնդապետ Հովհաննես Ղազարյանը։ Նա ասաց, որ զոհված բոլոր տղաներին անձամբ ճանաչում էր։ Նրանցից երեքը պահեստազորային և կամավոր էին, մյուսները՝ ժամկետային զինծառայողներ։
«Զոհված ժամկետայինների մեծ մասը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել էին Զինված ուժեր՝ պարտադիր զինվորական ծառայության, այնուհետև՝ ռազմաճակատ։ Իսկ կամավոր և պահեստազորից զորակոչվածները մեկնել են ռազմաճակատ և ջոկատների կազմերում մասնակցել են 44-օրյա պատերազմին և նահատակվել հերոսի մահով»,- ասաց Հովհաննես Ղազարյանը։
Միջոցառման ժամանակ «Հաղթանակ» ազատամարտիկների բրիգադի հրամանատար Արսեն Ամիրխանյանը խիզախաբար մարտնչելու համար հետմահու պատվոգրեր շնորհեց զոհվածներին՝ դրանք հանձնելով նրանց հարազատներին։
Լիլիթ Թադևոսյան