«Բանակում բարեփոխումների որևէ տրամադրություն չկա, ոնց եղել է բանակը, այնպես էլ մնացել է՝ չհաշված, թե պատերազմից հետո ինչքան վատ վիճակում է։ Անցյալ տարի եղել է 100 զինծառայողի մահվան դեպք, որից 18-ը ինքնասպանություն է որակվել։ Այսպիսի թիվ՝ 100 մահվան դեպք, մենք չենք ունեցել։ 90-ականների պատերազմի ընթացքում կարող ենք հիշել այդպիսի դեպքեր, իսկ 99թ.-ից՝ Վազգեն Սարգսյանից հետո, որևէ իշխանություն որևէ բան չի փոխել բանակի ներսում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Ոչ կանոնադրային հարաբերություններ բանակում. ովքե՞ր են պատասխանատու զինծառայողների կյանքի համար» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ կրիմինալ, անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար ոչինչ չի արվել վերջին չորս տարիների ընթացքում. «Սնունդը փոխեցին, կարծեցին՝ մեծ բան են արել։ Քննչական մարմինները նույն եռանդով ու մոլուցքով կոծկում են գործերը։
Նոյեմբերի 15-ից պաշտպանության նախարար է նշանակվել վարչապետի մտերիմներից Սուրեն Պապիկյանը։ Նրա նշանակումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 14-ին, մահվան դեպք էր գրանցվել բանակում, դրանից հետո 4 մահվան դեպք է գրանցվել, բայց Սուրեն Պապիկյանն այդ հարցին չի անդրադարձել՝ հրապարակային ոչ մի հայտարարություն չի եղել»։
Անդրադառնալով ոչ պատերազմի հետևանքով բանակում մահերին ու վիրավորումներին՝ Ժաննա Ալեքսանյանը հիշատակեց, որ դեկտեմբերի 6-ին ևս մեկ զինվոր է վիրավորվել, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում. իրենք երկու օր առաջ հարցում են արել, ասել են՝ կայուն ծանր է վիճակը. «Մի արտառոց դեպք էլ պայմանագրային զինծառայողի հետ տեղի ունեցավ՝ Ճամբարակից։ Դեպքը նախ որակեցին զենքի օգտագործման կանոնների խախտում՝ երեք կրակոց որովայնին, իսկ հետո փոխեցին ինքնասպանություն»։
Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց, որ երբ հայրենադարձված գերիներին հետևողականորեն կալանավորում են, իրավապահ մարմինները այս դեպքերում ևս պետք է հետևողական լինեն և բացահայտեն։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանն էլ նշեց, որ ՊՆ-ի հետ հանդիպում էին կազմակերպել մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, և հանդիպման թեմաներից էր նաև ԶՈՒ-ում մահվան դեպքերը: «Մեզ հստակ ասացին, որ մենք մտադրություն չունենք հրապարակային հայտարարել այդ թվերը՝ հիմնավորումն այն էր, որ չեն ուզում դրանով թշնամու բանակին ուրախացնել։ Եվ մենք երբ տարբեր աղբյուրներից մահվան դեպքերի վերաբերյալ թվեր ենք հրապարակում, ԶՈՒ-ն մեզ դիտարկում է որպես թշնամի»,- ասաց Էդգար Խաչատրյանն ու հավելեց, որ բանակում մահվան թվերի մասին պաշտոնական տեղեկատվությունը ստանում են միայն դատախազությունից։
«Եթե նախկինում խոսում էին, որ զինծառայողների ընտանիքները նասկի կամ որևէ այլ անհրաժեշտ անձնական իր էին տանում զորամաս, հիմա այդ խնդիրը կրկին կա։ Բանակից փողով, խնամի-ծանոթ-բարեկամով արձակուրդ գալու խնդիրն էլ կրկին կա»,- հավելեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահը։
Նրա խոսքով՝ երբ զինծառայողների մահվան դեպքով ՄԻԵԴ-ը բավարարում է իրենց ներկայացրած բողոքը, միակ արդյունքը, որ լինում է, այն է, որ ընտանիքը ֆինանսական փոխհատուցում է ստանում պետությունից, քանի որ գործերը նորից քննության առարկա չեն դառնում ՀՀ-ում և չեն բացահայտվում։
Ժաննա Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ բանակում մեծամասամբ ժամկետային զինծառայողներն են մահանում. «Սեպտեմբերին 2 մահվան դեպք է եղել նույն զորամասում, երկուսն էլ որակվել է ինքնասպանություն։ Զորամասի հրամանատարը պնդել էր, որ ինքնասպանություն է։ Հենց զորամասի հրամանատարներն են համագործակցում քննչական մարմինների հետ։ Երբ զինծառայողների մահը որակվում է ինքնասպանություն, ես այդտեղ մեծագույն կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում»։