«ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն արդեն ստացել ենք, վճռաբեկ բողոքը գրել ենք և ուղարկել ենք։ Չգիտեմ՝ Վճռաբեկը ստացե՞լ է, թե՞ ոչ, բայց վճռաբեկ բողոքն արդեն ստորագրված է»,- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու դատախազության միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների, հետևաբար նոր որևէ բան չի կարող ասել։
Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջում է բեկանել որոշումը։
Խոսելով նաև ազատազրկված, այնուհետև ՍԴ որոշմամբ օրերս ազատ արձակված ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարության մասին, որ դատախազությունը մտել է քաղաքական դաշտ, այլ ոչ թե իրավական, Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ ունեին դեպք, երբ անձին ձերբակալել էին թմրամիջոց պահելու համար, ինքը կարող էր որպես պաշտպանության միջոց ընտրել և հայտարարել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը հարում է ինչ-որ քաղաքական ուժի։
«Հայտարարությունը, որ մեր դիրքորոշումները քաղաքական են, ճիշտ չէ։ Երբ և՛ մեր, և՛ դատարանների կայացրած որոշումներն իրենց ձեռնտու են կամ իրենց դիրքորոշումներին համապատասխան են, արձանագրում են, որ դատարանը շատ լավն է, հենց որ որոշումը իրենց դիրքորոշումներին չի համապատասխանում՝ արձանագրում են, որ որոշումը քաղաքական էր»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Գևորգ Բաղդասարյանը նաև ասաց, որ Սահմանադրության մեջ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու իրավիճակները լրիվ միատեսակ կարգավորման են ենթարկված։ Նա նշեց, որ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար իրենք պնդել են, որ դա վերաբերում է հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն և չի վերաբերում հետապնդումը շարունակելուն և ազատությունից զրկելը շարունակելուն։
«Սահմանադրական դատարանը հարցի մի մասով արձանագրում է, որ այդպես է, ազատությունից զրկելու մասով ասում է՝ այդպես չէ, շարունակելու համար էլ պետք է լինի համաձայնություն։ Հիմա շատ կենցաղային օրինակով էլ կբացատրեմ։ Գիտեք՝ մոտավորապես ինչ է ստացվում. ոնց որ որևէ նորմում գրված լինի, որ այս ճանապարհով և՛ աջ, և՛ ձախ գնալու ժամանակ պետք է ունենաս առավելագույնը 60 կմ/ժ արագություն, հենց այդպես ուղիղ գրված լինի, հետո մի օր դատարանը մեկնաբանի, որ աջ գնալու համար՝ 60, բայց ձախ գնալու համար՝ ոչ։ Համարեք, որ ՍԴ-ն այդ բնույթի բան է ասել»,- հավելեց Գևորգ Բաղդասարյանը։