Քաջարանի քաղաքապետի գործով ամբաստանյալներից Նվեր Մկրտչյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց 500 000 դրամ տուգանքով
Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, կայացավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով դատական նիստը։ 

Այսօրվա նիստում գործով անցնող ամբաստանյալներից Նվեր Մկրտչյանի պաշտպանը ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս նախաքննության փուլից սկսած իր պաշտպանյալը գտնվել է  ազատության մեջ, մշտապես պատշաճ կերպով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, տվել համապատասխան ցուցմունքներ, ինչպես նաև մասնակցել բոլոր հնարավոր քննչական և դատավարական գործողություններին, բացի դրանից, մեկ դատական նիստին չներկայանալն այն հիմքը չէ, որի պատճառով նրան պետք է կալանավորել։ Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, ինչպես եղել է  հենց սկզբում։   

Այնուհետև դատավորը Նվեր Մկրտչյանին հարցրեց, թե նախորդ դատական նիստի համար պատշաճ կերպով ծանուցված լինելով՝ ինչու չի ներկայացել։ Ի պատասխան Նվեր Մկրտչյանն ասաց՝ քանի որ իր պաշտպանը չէր ներկայանալու, այդ պատճառով էլ ինքը նույնպես չէր ներկայացել։  Սակայն դատավորը նրան ասաց, որ իր չներկայանալու մասին մեղադրյալը պարտավոր է դատարանին տեղեկացնել։
«Ձեր պաշտպանի ներկայանալ-չներկայանալը մեկ այլ խնդիր է, ձեր պատշաճ վարքագիծը դատարանի առջև, վարույթի առջև՝ մեկ այլ»,- ասաց դատավորը։  
Նվեր Մկրտչյանն ասաց, որ ինքը առողջական խնդիրների պատճառով բյուլետենի մեջ է եղել և տեղյակ չէր, որ պետք է չներկայանալու մասին տեղեկացնի, և հեռուստատեսությամբ է տեղեկացել, որ իրեն կալանավորելու մասին խափանման միջոց է ընտրվել։  

Հայտնելով իր դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ՝ գործով մեղադրողն ասաց, որ Տավուշի մարզի դատախազին հասցեագրված, այնուհետև իրեն վերահասցեագրված դիմում է ստացել Նվեր Մկրտչյանից, որը դիմումն ուղարկել է  ՁՊՎ-ից։ Մկրտչյանը դիմումով տեղեկացրել է, որ իր պաշտպան Յուրա Ավոյանն իրեն ասել է, որ առաջին նիստն է, և իր ներկայանալը նիստին պարտադիր չէ, և լսելով նրան՝ չի ներկայացել, և իր խափանման միջոցը փոխվել է կալանավորման, այնուհետև խնդրել է դատախազի միջամտությունը՝ սահմանված կարգով իր պաշտպանին պատասխանատվության ենթարկելու համար։ Դատախազը խնդրեց այս դիմումը կցել վարույթին։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Վերադառնալուց հետո դատարանը հայտնեց, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ որոշվել է կիրառել տուգանք՝ 500 000 դրամի չափով, որից հետո նա ազատ կարձակվի։ 

Նշենք, որ Նվեր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Արմեն Ռոբերտի Անդրեասյանի և դեռևս ինքնությունները չպարզված անձանց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն, ինչպես նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Վրեժիկի Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:      

Այնուհետև դատախազը ներկայացրեց մեղադրանքը։

Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով իրավասու լինելով օրենքով սահմանված կարգով նշանակել և ազատել աշխատակազմի քարտուղարին, համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանել համայնքի շենքերի և շինությունների համարակալումը, օրենքով սահմանված կարգով հսկողություն իրականացնել առևտրի և հանրային սննդի ոլորտում, տալ ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման, համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման ու այլ թույլտվություններ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված կարգով փոխելու և սահմանելու հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, վերահսկողություն իրականացնելու հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների, հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, ունենալով համայնքապետարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու, գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու և օրենքով սահմանված սեփական այլ լիազորություններ, օժտված լինելով կազմակերպական, վարչատնտեսական գործառույթներով՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65,403,333 ՀՀ դրամի գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ռուշանի Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար:

Բացի դրանից, Մանվել Փարամազյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ժորայի Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի՝ դեռևս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, շահադիտական դրդումներով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 2018-2019 թվականների ընթացքում կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Դրանից բացի, Մանվել Փարամազյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Քաջարանի համայնքապետարանի՝ աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ժորայի Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի՝ դեռևս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափերով գումարի (գույքի) յուրացում: