Բորիս Ավագյանին Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել. նրա հետ է եղել ԱԴԾ հայտնի գնդապետը. 47News
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին դեկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում,  բերման են ենթարկել՝  Պետրոգրադկայի Spices and Radosti ռեստորանից։ Այս մասին հայտնում է ռուսական 47News կայքը։

«Բոլորը հավատում էին, որ Rosreestr-ի նախկին պաշտոնյա Ավագյանը թաքնվում է Հայաստանում, նա, սակայն, ԱԴԾ-ից մի կարևոր մարդու հետ ռեստորանում նարգիլե էր ծխում»,- գրել է կայքը՝ հավելելով, որ այն բանից հետո, երբ Ավագյանը մի քանի տարի առաջ մաքսանենգության քրեական գործով փախել էր տնային կալանքից, նրան ոչ ոք չէր փնտրում։

Նշվում է, որ փախուստից հետո Ավագյանը ցուցադրաբար  սոցիալական ցանցերում ակտիվ է եղել՝ Փարիզից, ապա տեղափոխվել է Հայաստան։ 

«Այնտեղ՝ Ադրբեջանի հետ վերջին բախումների ժամանակ, նա դարձավ հատուկ ներկայացուցիչ և շարունակեց հրապարակայնորեն  հարցեր լուծել»,- նշել է 47News-ը։

Կայքի տեղեկություններով՝ երեկ մի տղամարդ զանգահարել է որոնողական աշխատանքներ իրականացնողներին և հայտնել, որ Ավագյանը նարգիլե է ծխում՝ «Սփայսիս ընդ Ջոյում»։ Նրանք սկզբում նույնիսկ չեն հավատացել լսածին։ Երկրորդ անգամ զարմացել են, երբ տեղ հասնելուն պես ստուգել են նաև նրա զրուցակցի փաստաթղթերը։ Կայքի փոխանցմամբ՝ նա եղել է Սանկտ Պետերբուրգի ԱԴԾ գնդապետ և Տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի երբեմնի  ղեկավար Իգոր Ալեյնիկովը։ 

Նշվում է, որ երեկոյան ժամը 9-ին Ավագյանին արդեն տեղափոխել են Պետրոգրադի մարզի ոստիկանություն։

«Նա պետք է հեռակա ձերբակալված լինի (մի ժամանակ նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ Հայաստանը հրաժարվել է արտահանձնել նրան)։ Եթե այս անգամ էլ իրավիճակը հարթվի, սա արդեն ոչ թե դաշնային, այլ համաշխարհային ռեկորդ կլինի»,- գրում է կայքը։