Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, ընթանում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով դատական նիստը։ 

Այսօրվա նիստում դատախազը ներկայացրեց մեղադրանքը, որի ընթերցումից հետո դատավորն ամբաստանյալներից ցանկացավ իմանալ, թե նրանք իրենց մեղսագրված արարքում իրենց մեղավոր ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ։ Գործով անցնող ամբաստանյալ Արմեն Անդրեասյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։  

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։
«Որ ներկայացնում են՝ յուրացում, խարդախություն և կաշառք, ոչ, չեմ ընդունում, քանի որ ի՞նչ խարդախության կամ կաշառքի մասին է  խոսքը։ Եթե խոսում եք խարդախության և կաշառքի մասին, նախ այդ գույքը՝ հողը, ոչ համայնքային սեփականություն է և ոչ էլ՝ իմը»,- ասաց նա։ Խոսելով հողի կատեգորիա փոխելու մասին՝ Մանվել Փարամազյանն  ասաց, որ հողի կատեգորիան համայնքի ղեկավարն ինքնուրույն չի կարող փոխել. «Համայնքի ղեկավարը կատեգորիա փոխելու ժամանակ ներկայացնում է համայնքի ավագանուն, ավագանու համաձայնությունը ստանալուց հետո ուղարկում է մարզպետարան, որն ուղարկում է կառավարություն, միջգերատեսչական հանձնաժողովներում քննարկում են, նոր քննարկումից մի քանի ամիս հետո ուղարկում են պատասխանը՝ կամ համաձայնություն տալիս են կամ չեն տալիս»։ Դատավորն ընդհատեց Փարամազյանին՝ ասելով, որ ցուցմունք չի տալիս, ինքը  ցանկանում է իմանալ՝ մեղադրանքը Փարամազյանին հասկանալի՞ է, թե՞ չէ, և իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ։ 

Այնուհետև Փարամազյանը, խոսելով այն մասին, որ իրեն մեղադրում են աշխատանքի չհաճախելու մեջ, ասաց, որ համայնքի ղեկավարը պարտադիր չի, որ լինի աշխատասենյակում, ինչ-որ բան ստորագրի, որ համարվի՝ աշխատանքի է եկել, ինքը կաբինետային մարդ չի, բայց դա չի նշանակում, որ ինքը  չի աշխատել։
 
Նվեր Մկրտչյանը դեռևս դիրքորոշում չհայտնեց այն հարցում, թե՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ։
Վազգեն Ազարյանը, Զոհրաբ Առաքելյանը ևս չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները։