Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով գործի քննությունը։
Նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանի գործով նիստերը նշանակել ոչ թե նախապես սահմանված գրաֆիկով, այլ հարմարեցնելով ԱԺ նշանակված նիստերի ժամանակացույցին, որից հետո պաշտպանն ընթերցեց 2022 թվականին նշանակված ԱԺ նիստերի օրերը։ Բացի դրանից, պաշտպանը խնդրեց հետաձգել այսօրվա դատական նիստը, քանի որ այսօր, ժամը 15.00-ին, ինքը Վերաքննիչ դատարանում պետք է մասնակցի մեկ այլ նիստի, որի ժամանակ պետք է քննարկվի իր պաշտպանյալների ազատ արձակման հարցը։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և խնդրեց, որպեսզի այդ օրերին նիստեր չնշանակվեն։
Հայտնելով իր դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ՝ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ տիկին Սահակյանը շատ նուրբ ձևով սկսեց միջնորդությունը՝ իրենց մեղադրելով ծայրահեղականության մեջ, հետո անելով այն, ինչ իրենք կանխատեսում էին։
«Ես որքան փորձեցի ֆիքսել, քանի որ տիկին Սահակյանը շատ արագ ընթերցեց, մենք այս տարի էլ նիստեր չենք ունենալու կամ հաջորդ տարի, որովհետև ինքը նշեց ժամանակահատվածներ, որոնք հաստատ են, և այդ ընթացքում նիստեր չլինեն հենց այն պատճառով, որ Արմեն Գևորգյանը պատգամավորական գործունեությամբ է զբաղվելու, ասաց՝ մնացածն էլ հանդիպումներ կան, էլի նիստեր կգումարվեն, կասենք։ Ես էլ էի դա ասում, որ ՍԴ որոշումը մեկնաբանվելու է այդպես և մեկնաբանվեց։ Մենք առարկում ենք միջնորդության դեմ, առարկում ենք նաև, որ տիկին Սահակյանին արգելվի այս դատական նիստը հետաձգելու հաշվին մասնակցել այլ դատական նիստի։ Տրամաբանությունը չեմ հասկանում՝ մի դատական նիստը հետաձգել մյուսին մասնակցելու համար»,- ասաց դատախազը։
Լուսինե Սահակյան էլ արձագանքեց՝ ասելով, որ Վերաքննիչում իր պաշտպանյալների ազատ արձակման հարցն է քննարկվելու, և առավելությունը պետք է տրվի այն նիստին, որտեղ ազատ արձակման հարց է քննարկվում։
Միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ դահլիճում ներկա գտնվող հատկապես պետական պաշտոնյաները՝ նկատի ունենալով իրեն, նաև դատարանին ու դատախազներին, պարտավոր են կատարել Սահմանադրությունը։
«Սահմանադրությամբ ես հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր և պետք է մասնակցեմ ԱԺ նիստերին, ինչպես նաև դատախազությունը պարտավոր է ապահովել, որպեսզի երեք կալանավորված պատգամավորներ ազատության մեջ հայտնվեին օգոստոսի 2-ից, երբ որ ստանձնել էին ԱԺ պատգամավորի լիազորությունները, բայց դա չարեցին։ Հիմա ՍԴ-ն դեկտեմբերի 7-ին իր դիրքորոշումով մեկ անգամ ևս հաստատեց՝ ով ինչով պետք է զբաղվի»,- ասաց Արմեն Գևորգյանը։
Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, ասաց, որ դատարանն արձանագրում է, որ առանց այդ էլ այս դատական նիստերը շատ են հետաձգվել, ընդ որում՝ հաճախ պաշտպանության կողմի բացակայության պատճառով, հետևաբար դատարանը նպատակահարմար չի համարում սահմանել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում դատական նիստեր չեն նշանակվելու՝ հաշվի առնելով, որ պաշտպանության կողմի առաջարկած գրաֆիկով տարվա ընթացքում մի քանի դատական նիստ պետք է անցկացնեն, այդ իսկ պատճառով դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմի միջնորդությունն անհիմնէ և բավարարման ենթակա չէ. դատական նիստերը կգումարվեն նույն գրաֆիկով, ինչպես նախկինում։
«Ամեն դեպքում դատարանը հաշվի է առնում պաշտպանի արձակուրդի ժամկետը, և դեկտեմբերի 28-ից հունվարի 15-ը դատական նիստեր չեն նշանակի։ Ինչ վերաբերում է Լուսինե Սահակյանի՝ այլ դատական նիստին մասնակցելուն, դատարանը բազմիցս հորդորել է ձեզ, որպեսզի ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը հարմարեցնեք սույն գործի քննության ժամանակացույցին։ Արդեն վաղուց տեղեկացված եք սույն գործով նշանակվելիք դատական նիստերի օրերին։ Այս անգամ դատարանը ձեզ թույլատրում է լքել դատական նիստերի դահլիճը՝ հաշվի առնելով ձեր կողմից բերված պատճառաբանությունը, սակայն հաջորդ անգամ նույն պատճառաբանությամբ նույն միջնորդությունը ներկայացնելու դեպքում դատարանը չի թույլատրելու ձեզ սույն դատական նիստի հաշվին մասնակցել մեկ այլ դատական նիստի»,- ասաց դատավորը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022 հունվարի 18-ին, ժամը 13.00-ին։