Արցախի պետբյուջեով մոտ 3,8 միլիարդով ավելացել են առողջապահությանն ուղղված գումարները
Արցախում այս տարվա հունվարի 1-ից առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև անվճար բուժօգնության ծառայությունների տեսակների և ծավալների ընդլայնմամբ ու վերականգնողական ծառայությունների աճով պայմանավորված՝ 3 միլիարդ 787,3 միլիոն դրամով ավելացել են առողջապահության ոլորտի ծախսերը, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։ Այս մասին նշել է Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստում ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի լրամշակված տարբերակը:
«Շուրջ 200 մլն դրամի չափով կրճատվել են պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված ծախսերը: Ավելացել է «Սոցիալ-հոգեբանական վերականգնման օգնության տրամադրում» ծախսային ծրագիրը՝ 20 մլն դրամով: Ըստ այդմ՝ քաղաքացիներին հոգեբանական ծառայությունների մատուցման համար, ընդհանուր առմամբ, նախատեսվել է 30 մլն դրամ: Օրենքի նախագծով ընթացիկ տարվա պետբյուջեի եկամուտները կազմելու են՝ 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342 մլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3 մլն դրամ»,- մասնավորապես նշեց Մարտիրոսյանը:
Արցախի 2021 թվականի պետական բյուջեի օրինագծի քննարկման ընթացակարգի ժամանակ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունները նշեցին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Պետբյուջեի նախագծին դեմ քվեարկելու մասին հայտարարեցին՝ «Արցախի ժողովրդավարական», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» խմբակցությունները՝ պատճառաբանելով, որ այն չի արտացոլում պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և չի մատնանշում առկա իրական խնդիրների լուծման ուղիները: Քվեարկության արդյունքում՝ 25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արցախի խորհրդարանն ընդունել է 2021 թվականի պետբյուջեի նախագիծը: