Վանեցյանը, երբ ԱԱԾ տնօրեն էր, 5 գերի ունեինք, նրա կողմից ոչ մի լուծում չտեսանք. Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօրվա դատական նիստի ընդմիջմանը ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այն հավաստիացումներին, որ մարդիկ օր առաջ ուզում են գերիների հարցին լուծում տալ, նա չի հավատում։
«Իմ առաջարկը նրա մասին էր, որ պետությունն իր գործը չի կարողանում անել, սակայն մենք ունենք գերիների հարց ու այդ տղաների ամեն մի օրը, ժամը էնտեղ ավել մնալը պրոբլեմ է»,-նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ է կարծում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե նա պաշտոն ունեալու դեպքում 3 օրում գերիների հարցը կլուծի, Սանասարյանն ասաց․ «Երբ նա պաշտոնի էր, մենք ունեինք 5 գերի, և նրա կողմից ոչ մի լուծում չտեսանք այդ գերիների հետ կապված։ Նույնիսկ որևիցե բան չեն խոսել, որ գերիներ են ուզում հետ բերել»։
Ըստ Սանասարյանի՝ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և իրենց կապերը օգտագործեն՝ գերիների և անհետ կորածների հարցը լուծելու համար։ «Օրինակ ես խորհուրդ կտայի կաթողիկոսին գնալ Հռոմի պապի մոտ և խնդրել նրան օգտագործել իր կապերը՝ մեր գերիների համար։ Չեմ ուզում շատ պարզեցնել, ամեն մեկը իր կապերը ունի»,- նշեց նա։
Սանասարյանի խոսքով՝ դրանից հետո, երբ բոլորը նստեն մի սեղանի շուրջ, նաև քաղաքական ճգնաժամը կկայունանա, կստեղծվի մի մթնոլորտ, երբ մարդիկ միասին աշխատել են․ «Անընդհատ սև ու սպիտակ անելով, իրար նկատմամբ ատելություն տարածելով էս երկրում ոչ մի խնդիր չի լուծվելու»։