Եթե արդեն ապացուցված լիներ, որ Մխիթար Զաքարյանը Սյունիքի խուլիգանության կազմակեպիչ է, այժմ նա կլիներ համապատասխան վայրում, ոչ թե ԱԺ աշխատասենյակից ներողություն կխնդրեր
Վերջին տարիներին Քոչարյանի թիվ մեկ խոսափողի կոչմանը ձգտող և նրա ազդեցությունը չթաքցնող Hraparak.am-ը, որը նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի «հայացքի» ներքո է գործում, Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի հետ հարցազրույց է արել՝ հայտարարելով, թե Civic.am-ը փորձ է արել ցույց տալ՝ ինչպես է Զաքարյանը ներողություն խնդրում Նիկոլ Փաշինյանից, և դա, իբր մեր լրատվամիջոցը ներկայացրել է որպես տխրահռչակ «սյունյաց ողջույնների» համար ներողության հայցում Փաշինյանից, մինչդեռ Զաքարյանը «հերոսաբար» ներողություն չի խնդրում այդ խուլիգանության համար։ 

Նախ՝ եթե արդեն ապացուցված լիներ, որ Մեղրիի նախկին քաղաքապետը Սյունիք վարչապետի այցի ժամանակ կազմակերպված խուլիգանության և հայհոյանքների կազմակերպիչ կամ մասնակից է եղել, ապա Քրօրի 38 և 258-ի 3․1 հոդվածներով մեղադրվող Միխիթար Զաքարյանն այժմ կլիներ համապատասխան վայրում, ոչ թե ԱԺ-ից ներողություն կխնդրեր։ Թեև դեռ անցյալ ապրիլին ՔԿ-ն, ի թիվս այլոց, մեղադրանք է առաջադրել Մեղրիի նախկին քաղաքապետին՝ խուլիգանության կազմակերպչի և մասնակցի հոդվածներով, և նա  անգամ որոշ ժամանակով կալանավորվեց, Քննչական կոմիտեից Civic.am-ը տեղեկացավ, որ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, և գործը դատարան չի հասել։ 

Մխիթար Զաքարյանի հետ Civic.am-ի հարցազրույցից, ակնհայտ է, որ խոսքը ոչ թե տխրահռչակ խուլիգանական այսպես կոչված «սյունյաց ողջույնների» մասին է, այլ՝ վարչապետի ընտանիքի հասցեին Զաքարյանի արված հայտարարության։ Մխիթար Զաքարյանը մեզ հետ արված հարցազրույցում հստակ այդ մասին նշում է, և ասում, որ անկախ քաղաքական հայացքներից, անընդունելի է համարում ընտանիքի անդամներին թիրախավորելը և ներողություն է խնդրում, եթե իր խոսքեր այդպես են ընկալվել։
 
Մխիթար Զաքարյանը մեզ հետ արված նախորդ հարցազրույցի ժամանակ էլ հստակ նշել է, որ որևէ կապ չի ունեցել վարչապետի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանական միջադեպի հետ, հետևաբար չէր կարող ներողություն խնդրել մի բանի համար, ինչին, ըստ իրեն, ինքը մասնակցություն չի ունեցել։ 

Կրկնենք, եթե Մխիթար Զաքարյանի՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասնակցությունը ապացուցված լիներ, ապա ներողությունը բավարար չէր լինի, քանի որ այդ միջադեպի առիթով կա հարուցված քրեական գործ, և հազիվ թե Մխիթար Զաքարյանի հետ մեր հարցազրույցը տեղի ունենար իր աշխատասենյակում։ Հավանաբար ստիպված կլինեինք այցելել կալանավայր՝ պարոն Զաքարյանի հետ հարցազրույց անելու համար։

Մեր լրատվականը, ի տարբերություն շատերի, լինելով պատասխանատու և էթիկայի նորմերին հետևող լրատվամիջոց, ներկայացրել է պարոն Զաքարյանի ամբողջ խոսքը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ կապ չունի Սյունիքի խուլիգանական միջադեպի հետ։ 

Թե ի՞ նչ նպատակ է հետապնդում ընդդիմադիր հստակ շրջանակից ուղղորդվող կայքը Մխիթար Զաքարյանի ներողության տեքստը խեղաթյուրելով, թողնում ենք ընթերցողի դատին։ 

Վովա Հակոբյան