Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Նա Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում, ավտոմեքենան կայանած է եղել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում, ինչը խոչընդոտ է առաջացրել քաղաքային տրանսպորտային միջոցների համար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ վարչական ակտ է գրվել Երևանի բնակիչ 27-ամյա Արմեն Մ.-ի նկատմամբ։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը կրկին հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ ավտոմեքենայի մակնիշից, անկախ վարորդի ով լինելուց, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք։