ՔԿ-ում քրգործ է հարուցվել Ռուբեն Հայրապետյանի՝ 2003-ից երկքաղաքացի լինելու, սակայն ոստիկանությունից միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկանք ստանալու և պատգամավոր դառնալու առթիվ
Դեռևս 2020 թվականի օգոստոս ամսին ՀՀ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Քննչական կոմիտե էին ուղարկվել մամուլի բոլոր այն հրապարակումները, որոնք առնչվում էին հետախուզվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երկու տարբեր քրեական գործերով մեղադրյալ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ 2003 թ.-ից Ռուսաստանի քաղաքացի լինելու պայմաններում 2 անգամ՝ 2007-ին և 2012-ին, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուն և մանդատ ստանալուն։ Ինչպես հայտնի է՝ երկքաղաքացիները չեն կարող ՀՀ պատգամավորի թեկնածու առաջադրվել և ընտրվել։
ՀՀ ՔԿ-ից Civic.am-ի հարցին ի պատասխան այսօր հայտնեցին, որ Հայրապետյանի վերաբերյալ քննվող քրեական գործերով նաև քննության առարկա է դարձել նրա՝ երկքաղաքացի լինելու ընթացքում 2 անգամ ԱԺ պատգամավոր լինելու հարցը՝ հավելելով, որ մնացած տվյալները հրապարակման ենթակա չեն՝ հիմք ընդունելով նախաքննության գաղտնիության սկզբունքը։
Նշենք, որ դեռ 2020-ին NewArmenia.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել էր, որ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը գրանցել են ՀՀ ոստիկանության տված տեղեկանքի հիման վրա, որ Հայրապետյանն այլ երկրի քաղաքացի չի հանդիսանում: Ստացվում է՝ ՀՀ ոստիկանությունն էր պաշտոնեական կեղծիք կատարել ընտրությունների ժամանակ՝ խախտելով ԸՕ-ն և ՀՀ Սահմանադրությունը:
Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 2007 և 2012 թվականներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար Ռուբեն Հայրապետյանին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ փաստաթղթային հիմքերը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ոչնչացվել են՝ դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Հայրապետյանը առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2003 թվականի մայիսի 25-ին։ Դրանից մոտ մեկ ամիս անց դարձել է ՌԴ քաղաքացի։ Իսկ երկրորդ անգամ Հայրապետյանը պատգամավոր է ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին։ ՌԴ քաղաքացին այդ ժամանակ արդեն մեկ տարվա կուսակցական կենսագրություն ուներ՝ ՀՀԿ անդամ էր։ Երրորդ անգամ էլ ընտրվել է 2012-ին։
Ռուբեն Հայրապետյանը մեկ այլ գործով մեղադրվում է նաև քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար: