Երևի ձեր փաստաբանական, ստրատեգիական պրակտիկան է այդպիսին, որ ամեն անգամ գաք ասեք՝ տեսեք, այս մարդուն թիրախավորել են. Երանուհի Թումանյանցը՝ Ռուբեն Մելիքյանին
ԲԴԽ-ում այսօր քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։

Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է այն պատճառով, որ դատավորը արձակուրդ մեկնելու պատճառով իր վարույթում եղած տասից ավելի գործ հանձնել է վերամակագրման:

Վազգեն Ռշտունու պաշտպան Ռուբեն Մելիքյանը արդարադատության նախարարության ներկայացուցիչներին հարց ուղղեց՝ իմանալու համար, թե արդյոք այլ դատավորներ արձակուրդ գնալիս վերաբաշխման գործեր ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ, թե՞ միայն պարոն Ռշտունին է ներկայացրել։

«Եվ հենց այս հանգամանքն է, որ այստեղ էական նշանակություն ունի, որովհետև եթե դուք պատասխանատվության եք կանչում ինչ-որ մի անձի ինչ-որ մի արարք կատարելու համար, ապա պատասխանատվության ենթարկելու իրավաչափությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով՝ արդյոք տարբերակված մոտեցում կա՞ այլ դեպքերի միջև, թե՞ չկա»,- հարցրեց Ռուբեն Մելիքյանը։ 

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ այդպիսի հանգամանքներ ուսումնասիրության առարկա դարձել են։ «Թույլ տվեք դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկությունները չբերել կապել այս գործի հետ»,- ասաց Գագիկ Հարությունյանը։   

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն էլ, անդրադառնալով Ռուբեն Մելիքյանի հարցին, ասաց. «Երևի ձեր փաստաբանական, ստրատեգիական պրակտիկան է այդպիսին, որ ամեն անգամ գաք ասեք՝ տեսեք, այս մարդուն թիրախավորել են»։