Էստոնիան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման դեպքում
Էստոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման դեպքում. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում իրավիճակին նվիրված ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ էր անցկացրել, որի ընթացքում ելույթ են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և այլք։

Հանդիպման ավարտին Պուտինը ասել էր, որ այսօր կորոշի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցը։

«Եթե Ռուսաստանը որոշի ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, դա կլինի միջազգային իրավունքի և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտում: Եվրամիությունը պետք է անհապաղ խիստ պատժամիջոցներ սահմանի»,- ասված է Էստոնիայի ԱԳ նախարարության թվիթերի պաշտոնական էջում: