Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դիմել ՍԴ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բաց կա, այն է՝ օրենսդրությունը չի տալիս հնարավորություն պարզաբանելու ամբաստանյալին մեղադրանքը, այն դեպքում, երբ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, ինչպես նաև միջնորդում է կասեցնել գործի վարույթը, մինչև ՍԴ-ի որոշում կայացնելը։
Հայտնելով իր դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նախորդ նիստին, այսօր ևս ասաց, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի են։
«Ես այս ամբողջ ընթացքում բազմաթիվ հրապարակային ելույթներում ասում եմ, որ չեմ հասկանում, թե ինձ ինչի մեջ են մեղադրում։ Ես ինչի եմ սրա մասին ասում, որովհետև դուք ինչ-որ ակնարկ արեցիք այն մասին, որ ժամանակին պետք է ձեզ պարզաբանած լինեին։ Եվ փաստաբանների հետ շփման ժամանակ միշտ ասում էի՝ ինձ բացատրեք, թե ինչի մեջ են ինձ մեղադրում։ Իմ փաստաբաններն ինձ ասում են, որ մենք էլ չենք հասկանում։ Հիմա իմ վիճակը՝ փաստաբանները չեն հասկանում, չհասկանալով՝ պետք է ինձ բացատրեն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ եթե այս դահլիճում ոչ ոք պարտականություն չունի պարզաբանելու մեղադրանքը՝ ինչու է դատարանն այդ հարցն իրեն տալիս՝ ենթադրելով, որ դա օրենքի պահանջ է։
Նա նաև ասաց, որ ուրեմն կա այդ օրենքի բացը, եթե հարցը տալիս է, պետք է ենթադրվի, որ որևէ պատասխան պետք է լինի, ու այդ պատասխանը չկա։