Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Ղազախստանի նախագահը ողջունել է ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Նուր-Սուլթանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Ղազախստանի նախագահը ճիշտ է նկատել` այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ: «Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, ևայս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները:
Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, և այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր:
Դուք ճիշտ ասացիք` 2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են, որովհետև սկզբունքորեն նախորդ տարին արդեն ճգնաժամային էր, բայց առևտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի ներսում, առևտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է բոլորիս համար»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ: «Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը նաև նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունը: Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշատեն: Ցավոք Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանզիմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ` այդ մեխանիզմը կարողացանք գործարկել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար»: